Tuesday, September 30, 2008

Եվ ինչպես միշտ կիրառումը առաջացնում է խնդիրներ...

Ինչպես միշտ մի բան ասում են, մի ուրիշ բան անում: Ռեկտոր Անն-Մարի Շլոսերի պարզաբանումները աշխատանքի հետևանքով բացակայությունների հարգելի լինելու հարցը մնաց այդպես էլ կախված օդում: Արդեն ստանում ենք առաջին բողոքները, որ ռեկտորը խախտել է իր իսկ կողմից մատնանշված պայմանները: 

Մերժում է ստացել մի ուսանող, որը երկու զավակների մայր է և որի համար աշխատանքը, բնականաբար, կենսական խնդիր է: Մերժում է ստացել նաև մեկ այլ ուսանող, որը աշխատում է երկրորդ կուրսից ի վեր, և որի աշխատանքը, բնականաբար, ակնհայտորեն, կենսական խնդիր է: Ինչևէ, դեպքերը շատ են:

Մյուս կողմից, այն որ գործատուի և համալսարանի միջև պետք է համաձայնեցվի օրերի բաշխումը, խեղճ ուսանողների համար նոր գլխացավանքներ է առաջացնում: Կամ արդյոք ռեկտորը կանխատեսել է այն հանգամանքը, որ նման քաշքշուկները կարող են առավել ևս վատ անդրադառնալ ուսանողի աշխատանքային հարաբերություններում? Եվ ինչու հանկարծ ուսանողը պիտի ներքաշվի նոր քաշքշուկների մեջ, նորից, նոր առիթներով քայքայի իր երիտասարդ ներվերը...

Պարզ է մի բան, ռեկտորից պետք է պահանջել գրավոր պարզաբանումներ բոլոր հարցերի վերաբերյալ: 

Նշենք նաև որ աշխատանքի բացակաների հարգելի լինելու հարցի հետ կապված ստորագրահավաքը շարունակվում է: Ուսանողական շարժումը կոչ է անում չհապաղել և տեղի չտալ մինչև ամեն ինչ հստակեցվի պատշաճ մակարդակով և դրվի պատշաճ հիմքերի վրա:

Եթե հայտնվել եք նման իրավիճակում, ստացել եք մերժում աշխատանքի մոտիվով բացակայությունները հարգելի համարելու հարցով և կարծում եք, որ դա չի արտահայտում ձեր շահերը, դիմեք ուսանողական խորհուրդ կամ գրեք հենց այս կայքին! 

Monday, September 29, 2008

Ուսխորհուրդը տեղեկացնում է

Հարգելի ուսանողներ, 

Շաբաթ օրը համալսարանի ռեկտորի հետ կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել են ուսանողությանը հուզող որոշ հարցեր` դրանց քննարկման նպատակով: Ստորև ներկայացնում եմ քննարկման արդյունքները կոնկրետ հարցերով: 

  
Ուսանողների աշխատելու իրավունքը: 

Նոր ընդունած որոշմամբ փաստորեն վերացվում է ընդհանուր կանոնը, ըստ որի գործատուի տեղեկանքը հանդիսանում էր բացակաները հարգելի համարելու հիմք: 

Ռեկտորի պարզաբանմամբ այս որոշումը չի բացառում ուսանողների աշխատելու հնարավորությունը, և բացառիկ դեպքերում ուսանողները կարող են աշխատել համալսարանում սովորելուն զուգահեռ: Նման հնարավորության ընձեռման հիմք կարող են հանդիսանալ ուսումնական վարձը վճարելու նպատակով աշխատանքը և ուսանողի ընտանիքի սոցիալական պայմանների պատճառով աշխատանքի անհրաժեշտությունը: Ամեն դեպքում ուսանողը պետ է հիմնավորված դիմում ներկայացնի` նշելով առկա հանգամանքները: 

Քննարկման արդյունքում որոշվեց, որ դիմումները կքննարկի և դրանց վերաբերյալ որոշում կկայացնի Ուսանողական խորհրդի և համալսարանի ղեկավարության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը: 

Ռեկտորը հայտնեց նաև, որ բոլոր ուսանողները, ովքեր կցանկանան աշխատել սովորելուն զուգահեռ, ելնելով զուտ մասնագիտական հետաքրքրությունից, ունեն նման հնարավորություն, սակայն այս դեպքում այդ աշխատանքը պետք է հնարավորինս չխանգարի դասերին, այսինքն ուսումը պետք է լինի գերակա, ինչն ըստ համալսարանի ղեկավարության բնական է: 

Նշվեց նաև, որ յուրաքանչյուր դեպքում ուսանողի աշխատանքային գործունեությունը պետք է համաձայնեցվի եռակողմ կարգով (ուսանողի, գործատուի և համալսարանի միջև): 

Անկախ ամեն ինչից խնդրում եմ համալսարանի կողմից մերժում ստացած ուսանողներին դիմել մեր էլեկտրոնային հասցեով, մանրամասն ներկայացնելով իրենց խնդրանքի և համալսարանի մերժման հիմնավորումները: 

  
Կարգապահական տույժերի վերաբերյալ նոր որոշում  

Քննարկումների արդյունքում որոշվեց վերաձևակերպել տվյալ որոշումը` ելնելով ուսանողների կողմից դրա արդարացի տարըմբռնման փաստից: Խնդիրը կայանում է նրանում, որ չնայած ըստ ղեկավարության այս նոր որոշումն ավելի մեղմ է, դրա ընթերցանության արդյունքում այն թվում է ավելի խստացնող: 

Իրականում այս նոր որոշումը մասնակիորեն մեղմացնում է գործող կարգը, և եթե նախկինում կարգապահական տույժը տարին տարվա վրա իջնում էր մի աստիճանով, ապա նոր կարգով ամեն նոր ուսումնական տարին ուսանողը սկսում է առանց տույժերի: 

Օրինակ` եթե ուսանողը բազմաթիվ բացակաների պատճառով ունի կարգապահական տույժ զեղչված տեղերից զրկված լինելու տեսքով, ապա նախկին կարգով հաջորդ տարում ունենում եր մեկ աստիճան ցածր տույժ և եթե ստանար նախազգուշացում ապա նորից կզրկվեր զեղչված տեղի իրավունքից: Նոր կարգով տարին տարվա վրա տույժերի գումարում չի լինելու, իսկ նախկինում ստացած տույժերը գրանցվելու են ուսանողների գործերում հետագայում անհրաժեշտության դեպքում ուսանողների միջև որպես համեմատական գործակից օգտագործելու նպատակով: 

Իսկ ինչ վերաբերում է քննական խախտումներին, ապա այստեղ ինչպես նախկինում` քննական խախտում կատարած ուսանողը զրկվում է զեղչված տեղի իրավունքից միայն հաջորդ տարվա համար, և մեկ տարի անց կարող է վերականգնել այն: 

Ռեկտորը նշեց, որ իսկապես հրամանի տեքստը տարընթերցումների տեղիք է տվել և այն պետք է վերանայվի: 

  
Բաց թողնված դասաժամերի լրացումը 

Քննարկման արդյունքում պարզաբանվեց, որ այս նոր կարգը, որը այլևս չի նախատեսում բաց թողնված դասաժամերի լրացում, ուղղված է ոչ թե ուսանողների դասաժամերը քչացնելուն, այլ դասախոսներին պարտաճանաչության մղելուն: Ռեկտորը վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում այս նոր կարգը կտա իր պտուղները և դասախոսի չներկայանալու դեպքում վերջինս պարտավոր է լինելու ներկայացնել փոխարինողի: Ռեկտորը հայտնեց նաև, որ իր ցանկությունն է, որպեսզի բոլոր դասերը կայանան նախօրոք հայտարարված ժամին և չթողնվեն քննություններին պատրաստվելու վերջին շաբաթվա վրա: 

Իմ անունից նշեմ, որ կոնկրետ այս մի հարցում լիովին կողմ եմ նշված փոփոխությանը, ուղղակի մի որոշ ժամանակ պետք է սպասել, որպեսզի դասախոսները դառնան ավելի պարտաճանաչ, իսկ անպարտաճանաչները փոխարինվեն: Գլխավորն այն է, որ այլևս դասախոսները չեն կարողանա պարբերականորեն բացակայելու պարագայում, բաց թողնված ժամերը լրացնել քննություններին նախորդող ազատ շաբաթվա ընթացքում, ինչը միանշանակորեն բխում է մեր շահերից: 

Բացի այդ, կոչ եմ անում բոլոր կուրսերի ավագներին պահել դասախոսների դասամատյան և այնտեղ գրանցել վերջիններիս բացակայությունները կամ ուշացումները: Այդ դասամատյանները ամեն կիսամյակ կտրամադրվեն մեզ` հրապարակվելու նպատակով: Կարծում եմ` դա կօգնի դասախոսներին դեպի պարտաճանաչություն տանող դժվարին ճանապարհին: Ամեն դեպքում ես սպասելու եմ այդ մատյաններին այս դեկտեմբերի վերջ: 

  
Պետական քննություններ 

Նախորդ տարիների նախաքննական անորոշությունը այս տարի մեզ դրդեց հնարավորինս շուտ բարձրացնել տվյալ հարցը: Առաջարկ է արվել հնարավորինս շուտ ուսանողներին տեղեկացնել պետական քննությունների հետ կապված ողջ ինֆորմացիան (առարկաները, ընթացակարգը և այլն), որպեսզի ուսանողները հոգեպես պատրաստ լինեն և անակնկալի չգան կարևորագույն քննություններից առաջ: 
Ռեկտորը խոստացավ, որ կդիմի ամբիոնի վարիչներին ֆակուլտետների դեկանների հետ խորհրդակցելու պահանջով և այնուհետև վերջնական որոշված տարբերակները շատ մոտ ապագայում կքննարկվեն և կհաստատվեն Գիտամանկավարժական խորհրդի կողմից: 
Հուսով եմ` մինչև այս կիսամյակի ավարտ 4-րդ և 6-րդ կուրսերի ուսանողները կիմանան, թե ինչ է իրենց սպասում պետական քննություններին: 
... 

Վերջում ուզում եմ նշել, որ վերոնշյալ քննարկումները և տվյալ նամակն ունեն զուտ ինֆորմատիվ բնույթ, և ուսանողները այնուամենայնիվ կարող են իրենց բողոքն արտահայտել դրա համար գոյություն ունեցող ցանկացած քաղաքակիրթ միջոցով (ստորագրահավաք, դիմում-բողոք համալսարանին, դիմում ՈւԽ-ին և այլն): 

Եղեք զգոն, պարտաճանաչ և ճանաչեք Ձեր իրավունքները, 

Հարգանքով`  
ՀՖՀՀ Ուսանողական Խորհուրդ

2-րդ կուրսում բացակա դասախոս

Երկրորդ կուրսում շաբաթ օրը գրանցվել է դասախոսի բացակա: 

Thursday, September 25, 2008

Ուշադրություն! Միավորվենք և ասենք մեր <չէ>-ն աշխատանքի արգելմանը

Ուսանողներ! Համալսարանի այն նոր կարգը, որի համաձայն այսուհետ չի թույլատրվում հարգելի համարել աշխատանքի հետևանքով բացակայությունները, չի բխում մեր շահերից. պատճառների մասին բազմիցս առիթ ենք ունեցել նշելու հենց այս կայքում!

Խնդիրը վերաբերվում է յուրաքանչյուր ուսանողի, այլ ոչ թե միայն աշխատող ուսանողներին! Այս կարգը վերաբերվում է բոլորին: Ուսանողը կարող է դեռ չունենալ աշխատանք, կամ չունենալ աշխատելու կարիք, սակայն, ոչ ոք չի կարող համոզված լինել, որ դա չի առաջանա ապագայում! Հետևապես, սա իսկապես վերաբերվում է յուրաքանչյուր ուսանողի! 

Ուրեմն միացեք! Դիմում ենք համալսարանին, որ չեղյալ հայտարարի այս չարաբաստիկ որոշումը և նախկինի պես չստեղծի ուսանողների` իրենց հացը վաստակելու, ընտանիքը պահելու կամ ուսման վարձը վճարելու նպատակով աշխատելու համար խոչընդոտներ: Կազմակերպվում է ստորագրահավաք! Որոշ կուրսերում այն արդեն սկսվել է!

Միացեք!

Դիմումի տեքստին ծանոթանալու համար սեղմեք այստեղ  

Wednesday, September 24, 2008

Բացակա

Այսօր իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսում արձանագրվել է դասախոսի բացակա: Ուսանողները ստիպված էին սպասել այնքան, մինչև պարզ դառնար, թե դասախոսը ներկայանալու է դասին, թե ոչ...

Tuesday, September 23, 2008

Վերջապես կախեցին զեղչային տեղերի ցուցակները

Ուսանողական շարժումը արձանագրում է!

Այսօր սեպտեմբերի 23 է և վերջապես բարեհաճեցին կախել զեղչային տեղերի ցուցակը: Ինչ խոսք, սա առաջընթաց է: Թերևս, համալսարանը պետք է ծանր պատճառներ ունենա այս հարցը այսքան ձգձգելու համար: 

Դեռևս անցյալ շաբաթ ուսանողների մեջ խոսակցություններ էին պտտվում, թե զեղչային տեղերը ուզում են սահմանափակել, ինչին և պատիվ ունեցանք անդրադառնալ առանձին: Ինչպես երևում է ուսանողությունը կարող է կազմել ուժ և ասել իր <<չեն>>!

Կեցցե ուսանողը!

Monday, September 22, 2008

Դասախոսին արգելում են լրացնել բաց թողած դասաժամերը


Դասախոսների բացակայության հարցը արդեն քանիերորդ անգամ է շոշափվում կայքում: Թերևս սա կարելի է համարել գերխնդիր: Ուսանողը վճարում է սովորելու համար: Բայց արի ու տես! Դասաժամերը հերիք չի կրճատված են, դասախոսներն էլ <<ակտիվ>> բացակայում են, բայց բաց թողնված դասերը լրացնելը Ռեկտոր Անն-Մարի Շլոսերը, արգելել է! Այստեղ նորից նույն հարցն է առաջանում... Ինչ է անում համալսարանը ուսանողների վճարած գումարները և ինչու չի ապահովում պատշաճ կրթություն: Ինչևէ, այս ռեկտորի քաղաքականությունը հարցեր է առաջացնում...

Saturday, September 20, 2008

Ընտրիր թե որ դասից բացակայես

Համալսարանում բազմիցս դժգոհությունների հիմք է եղել և ֆիզկուլտուրայի և այլ առարկաների դասաժամերի համընկնումը, որի արդյունքում ուսանողը ստիպված է եղել ընտրություն կատարել. գնալ ֆիզկուլտուրայի դասի, թե ուրիշ! Ինչևէ, ֆիզկուլտուրայի դասից բացակայություները վերջիվերջո հանգեցնում են այդ առարկայից ցածր գնահատկան վաստակելուն, իսկ մյուս դասերից բացակայելը` բացակա սատանալուն և մասնագիտական առարկաներին քիչ հաճախելուն:

Պարզ է մի բան: Ուսնաողը չի ճղվելու երկու կեսի, քանի որ կարող չէ...

Բայց համալսարանից պետք է պահանջենք պատշաճ վերաբերմունք հարցի լուծմանը:

Լսարանաշփոթ, ոչ հստակ դասացուցակներ, անամոթություն

Նորից հիշեցնենք, որ համալսարանը պարտավոր է արդյունավետ կազմակերպել կրթական գործընթացը (ՀՀ օրենքը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին)! Սա նշանակում է հստակ դասաժամ, դասախոսի հստակ ժամանում, հստակ լսարան և հստակ ծրագիր: Ինչևէ, համալսարանը անընդհատ խախտում է այս պահանջը: Բայց չէ որ խոսք տվեցին սեպտեմբերի 3-ին որ կարգուկանոն կլինի!

Սեպտեմբերի 21-ին  2-րդ կուրսի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները նորից կանգնեցին փաստի առաջ. 15 րոպե լսարան փնտրելուց հետո վերջապես գտան! Բայց ինչու դասացուցակում նշվածը չի համապատասխանում իրականությանը, կամ ինչու դասացուցակում չի նշվել լսարանի համարը (կոնկրետ դեպքում): Փաստ է, որ առաջին և երկրորդ կուրսի ուսանողների համար նույն լսարաններն են նշում դասացուցակում, և սկսվում է մի մեծ շուկա...

Ինչու ուսանողը պետք է կորցնի մոտ 15 րոպե իր դասաժամից` լսարան փնտրելու պատճառով? Կամ ինչու պիտի դասախոսների բացակայության պատճառով տուժի ուսանողը! Բացատրենք! Եթե չի գալիս դասախոսը, իսկ ուսանողը սպասում է, ապա նա կորցնում է իզուր ժամանակ, որը, ի դեպ կարող էր ծախսել իր կրթության, աշխատանքի (որն արգելեցին), կամ, լավ, գոնե մի քիչ ավել քնելու համար: Փոխարենը նա պետք է գա և նյարդեր քայքայի դասախոսին սպասելով, որը, միմիայն 30 րոպե անց կբարեհաճի խոստովանել, որ չի կարող ներկա գտնվել դասին, այն էլ բազմիցս զանգերից հետո միայն! 

Այս երևույթը ունի պատճառ և դա միակն է. ոմանք պատշաճ չեն կատարում իրենց պարտականությունները...

Նորից բացակա դասախոս


Այսօր իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսում արձանագրվել է դասախոսի բացակայություն, ինչը տվյալ դասախոսի մոտ արդեն երկրորդ դեպքն է: Հույս ենք հայտնում, որ սա չի ունենա խրոնիկ բնույթ:

Զեղչերի ցուցակները չկան

Այսօր արդեն սեպտեմբերի 20-ն է, սակայն զեղչերի ցուցակները դեռ փակցված չեն: 

Հիշեցնենք, որ սա համալսարանի կողմից առաջադրված վերջնաժամկետն է:

Այնուհետև սկսում ենք պահանջել...

Friday, September 19, 2008

Չի կարելի աշխատել

Ֆրանսիական Համալսարանում այսուհետ, ըստ համալսարանի որոշման, հարգելի չեն համարվելու աշխատանքի պատճառով բացակայությունները: Այժմ ուսանողը չի կարող աշխատել համալսարանի վարձը վճարելու համար, որը, օրինակ, 4-րդ կուրսում այս տարի կազմում է 500 000 դրամ... 

Որքան կարելի է ուսանողին <<մաշկել>>?

Բարեփոխումների փաթեթ և ուսխորհրդի ընտրություններ

ՀՖՀՀ ուսանողների ընդդիմադիր շարժումը, հաշվի առնելով բարեփոխումների մեծ պահանջը և այն, որ այսօր ՀՖՀՀ մարմինները (ըստ իրենց իսկ բնորոշման) աշխատում են ուսանողական խորհրդի բարեփոխման վրա, հայտարարում է շարժման նախագծի մշակման մեկնարկը: Շուտով մեր նախագիծը կզետեղվի այս կայքում, որտեղ էլ հնարավոր կլինի այն քննարկել: Ուստի խնդրում ենք լինել ակտիվ: Իսկ առաջարկները կարող եք ուղարկել հենց այս պահից:

ՀՖՀՀ ուսանողական խորհուրդը պետք է ներկայացնի ուսանողներին և նրանց շահերը: 

Շուտով տեղի են ունենալու նաև ուսանողական խորհրդի նոր ընտրություններ: Ուսանողներին կոչ ենք անում լիներ ուշադիր: Այս թեմային կանդրադառնանք առանձին:

Thursday, September 18, 2008

ՏԱԳՆԱՊ!

ՏԱԳՆԱՊ

Համալսարանը ընդունել է նոր կանոնակարգ, որի համաձայն ուսումնական տարվա սկզբին զեղչված տեղերի բաշխումը կատարվում է հաշվի առնելով նախկին ուս. տարում պատժամիջոցների վիճակը/վարքի, վճարման ուշացման, անհարգելի բացակայության համար/, այսինքն` նախքան ուս տարվա սկզբին պատժամիջոցների թերթիկի զրոյացումը: Ավելին, ուսումնառության ողջ ընթացքում (ամբողջ բակալավրն ու ամբողջ մաստերը) խախտում կատարած ուսանողը չի կարող ունենալ զեղչված տեղ, այդ ուսանողը չի կարող մասնակցել ֆրանսիայում պրակտիկայի անցկացման մրցույթին:

Նշենք, որ ըստ ՀՀ օրենսդրության խստացնող, կամ վիճակը այլ կերպ վատթարացնող իրավական ակտերը (այդ թվում` ներքին) չունեն ետադարձ ուժ: Սա նշանակում է, որ համալսարանը իրավունք չունի այն տարածել նախկինում պատժամիջոցներ ունեցող ուսանողների վրա:

Monday, September 15, 2008

Նորից խախտում են դասացուցակները

Սույն թվականի սեպտեմբերի 3-ին կայացած նիստում համալսարանի վարչակարգը հայտարարեց, որ այսուհետ դասացուցակները կլինեն կարգի: Անցել է երկու շաբաթ, բայց արդեն արձանագրվում են դասախոսների բացակայություններ: Համալսարանից պահանջում ենք այնպես կազմել դասացուցակները, որ նման դեպքեր քիչ կրկնվեն: Ինչևէ, եթե դեպքերը շարունակվեն, կհրապարակենք բացակայող դասախոսների անունները:

Վարձերի վճարման ժամկետները

Վարձերը վճարելու համար վերջնաժամկետ է նշանակվել սեպտեմբերի 15-ը, այնինչ զեղչային տեղերի ցուցակը դեռ չի  փակցվել:

Զեղչերի տեղերը ուզում են քչացնել

Օրերս ուսանողները աղմկում էին, որ համալսարանում փորձում են քչացնել զեղչային տեղերի թիվը, ինչը, ըստ էության <<ինքնիրավչության>> դրսևորում է: Այն, որ այդ տեղերի քանակը չի սահմանափակվի, բազմիցս հրապարակավ նշվել է համալսարանի վարչակազմի կողմից, նշվել համալսարանի թռուցիկներում: Եթե նման բան արվի, դա կլինի հակաօրինական: Թերևս սա կհակասի ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, համաձայն որի հրապարակավ տրված խոստումը ենթակա է պարտադիր կատարման: